Կառուցված է հոգով․ Goght Urban Valley քոթեջներն առանձնանում են բարձր էներգաարդյունավետությամբ և էկոլոգիականությամբ
Երևանից 30կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը էներգաարդյունավետության առումով գերազանց արդյունքներ է ցույց տվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նախագծի սեփականատեր Հրայր Մելքոնյանը։
Նրա խոսքով, սա հատկապես կարևոր է, քանի որ թաղամասը գտնվում է նախալեռնային գոտում՝ չափավոր ցուրտ կլիմայով, և այստեղ ջեռուցման սեզոնը տարեկան 170 օր է։ Ընդ որում տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս շինության ներսում ապահովել միջին 20 աստիճան Ցելսիուս։
Goght Urban Valley–ն, համագործակցելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) հետ, 2023 թվականի մայիսին պատվիրել է իր տիպային քոթեջների նախագծերի էներգետիկ աուդիտ։
Մելքոնյանի խոսքով, 2024 թվականի ապրիլին, աուդիտի արդյունքներով, բոլոր չորս տիպային նախագծերը ստացել են էներգետիկ անձնագրեր և շինությունների էներգաարդյունավետության սերտիֆիկատներ։ Մեկ հարկանի քոթեջները (A1 և A2 տիպ) ստացել են A կարգի էներգաարդյունավետության սերտիֆիկատներ, իսկ երկհարկանի քոթեջները (B1 և B2 տիպ) ստացել են A+ կարգի սերտիֆիկատներ: Այսպիսով, քոթեջների էներգետիկ աուդիտը պարզել է, որ դրանք էներգաարդյունավետ են։
«Էներգաարդյունավետության նման բարձր ցուցանիշները ձեռք են բերվել արտաքին պատերի և ծածկույթների ջերմամեկուսացման նորագույն տեխնոլոգիաների գրագետ օգտագործման, բազմաֆունկցիոնալ ապակիներով հատուկ ապակեպատ պատուհանների և էներգախնայող ծածկերի շնորհիվ, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել շինությունների ջերմային կորուստը, ինչպես նաև տանիքների մակերեսների օպտիմալ օգտագործման շնորհիվ՝ 5 կՎտ հզորությամբ ինքնավար արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար»,- ասաց ձեռնարկատերը։
Նրա խոսքով, ջեռուցման սեզոնին ջեռուցման և օդափոխության համար ջերմային էներգիայի սպառումը կկազմի 9500 կՎտ/ժ, իսկ պահանջվող հզորությունը՝ 9 կՎտ։ Թաղամասը գազաֆիկացված չէ, ուստի ջեռուցումն իրականացվում է բացառապես էլեկտրաէներգիայով։
«Ժամանակակից պայմաններում գազից կախվածությունը բարձր ռիսկի գործոն է ինչպես արժեքի, այնպես էլ մատակարարման կայունության առումով։ Ուստի Goght Urban Valley–ն տանտերերին առաջարկում է ջեռուցման, օդափոխության, օդորակման, լուսավորության էկոլոգիապես մաքուր և ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք միջնաժամկետ հեռանկարում գազից շատ ավելի արդյունավետ են»,- նշեց Մելքոնյանը։
Էներգիայի սպառումը նվազեցնելու համար առաջարկվում է ջեռուցել «օդ–ջուր» ջերմային պոմպի միջոցով: Դա թույլ կտա 2-4,5 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը ՝ նույնքանով նվազեցնելով CO2-ի արտանետումները։ Սարքը տարվա տաք սեզոնին կարող է օգտագործվել նաև որպես օդորակիչ։ Միաժամանակ, տները կունենան օդափոխության ինչպես բնական, այնպես էլ մեխանիկական համակարգ։
Առանձնատների արտաքին լուսավորության համար կօգտագործվեն էներգաարդյունավետ LED լամպեր։
«Անկասկած, ապագայում մեր հաճախորդները բարձր կգնահատեն նման տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ դրանք զգալիորեն կնվազեցնեն էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները»,- հայտարարեց ձեռնարկատերը։