ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

ՀՀ–ում միջազգային մակարդակի կրթահամալիր՝ տեսարանով դեպի Արարատ լեռը․ Goght Urban Valley–ն և Koreez.am–ը ներկայացնում են մեգանախագիծ

Երևանից 30 կմ հեռավորության վրա կառուցվող Goght Urban Valley ժամանակակից քոթեջային թաղամասը և Koreez.am կրթական հարթակը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Դրա շրջանակում smart թաղամասում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ շրջաններից մեկում, կկառուցվի միջազգային կրթական չափանիշներին համապատասխանող ժամանակակից համալիր։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Koreez.am-ի և Dasaran.am-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը, ով դարձել է առաջին հայը, ով 2021թ․–ին ներառվել է Young Global Leaders of the World վարկանիշում, խոսել է այն մասին, թե ինչու է սա կարևոր Կոտայքի մարզի և ընդհանրապես Հայաստանի համար, ինչով է այնտեղ ստացած կրթությունը տարբերվելու ավանդականից և ով կկարողանա սովորել այնտեղ:

«Նովոստի–Արմենիա»․ ո՞րն է Goght Urban Valley–ի հետ այսքան հետաքրքիր ձևաչափով ձեր համագործակցության նպատակը։

Ս.Ալոյան․ հիմնական նպատակն է օգտագործել մեր 16 տարվա փորձը կրթության ոլորտում, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային, Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Կոտայքում: Գրեթե 10 հա տարածքում կստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխան բոլորովին նոր կրթահամալիր, որը կներառի մանկապարտեզ և դպրոց։ Այնտեղ կլինի միջազգային չափանիշներով նախատեսված ամեն ինչ, այդ թվում՝ սպորտային համալիր։ Ապագա համալիրի դիրքը ֆանտաստիկ է՝ հիասքանչ տեսարանով դեպի բիբլիական Արարատ լեռը։

Կրթահամալիրի ստեղծման մյուս նպատակը մարզի զարգացումն է։ Շատ երկրներում, օրինակ՝ ԱՄԷ-ում, անապատի նվաճումը հիմնված է միջազգային դպրոցների ստեղծման վրա։ Դպրոցն ինքնին համայնք է, որը գրավում է մարդկանց, ովքեր նախընտրում են ապրել այնտեղ, որտեղ իրենց երեխաները սովորում են:

Ընդհանրապես, Հայաստանի համար սա կլինի ևս մեկ հիանալի հնարավորություն կրթության ոլորտում թե՛ միջազգային փորձի զարգացման, թե՛ ներդրման համար։ 16 տարի աշխատելով Հայաստանի կրթական համակարգում՝ մենք վաղուց հասկացել ենք, որ կրթությունը մեր երկրի «կորիզն» է, իսկ ապագան կրթված քաղաքացիներինն է։ Մանկապարտեզներում և դպրոցներում մենք կփորձենք պատրաստել կադրեր, որոնք կարող են ըստ արժանվույն դիմակայել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին և քայլել միջազգային միտումներին համընթաց:

«Նովոստի–Արմենիա»․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կոտայքում միջազգային ճանաչված ձևաչափի դպրոց հիմնելու ուղղությամբ։

Ս. Ալոյան․ ներկայում բանակցություններ են ընթանում պոտենցիալ գործընկերների հետ։ Հատկապես ուզում եմ նշել, որ միջազգային չափանիշներին զուգահեռ այս ձևաչափն առաջին հերթին պետք է համապատասխանի Հայաստանի կրթական համակարգի կարիքներին և չափանիշներին։

«Նովոստի–Արմենիա»․ կրթական համալիրը կներառի կրթության բոլոր փուլե՞րը՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։

Ս.Ալոյան․ առաջին քայլերը լինելու են նախադպրոցական կրթությունը։ Հետո, կախված նրանից, թե միջազգային որ դպրոցի հետ ենք համագործակցելու, կորոշվի՝ ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ) ներառվելու է համալիրում, թե ոչ։

«Նովոստի–Արմենիա»․ աշխարհում կա՞ որևէ ընդունված կրթական ձևաչափ, որը դուք համարում եք առավել հարմար ձեր համալիրի համար։

Ս.Ալոյան․ ցանկացած միջազգային չափանիշ կհարմարեցվի Հայաստանի կարիքներին։ Մեր հիմնական նպատակը հայ երեխաների կրթությունն է։ Այսինքն՝ չի կարելի, օրինակ, ներդնել ֆիննական մոդել և կարծել, որ այն կդառնա լավագույնը երկրի համար։ Մոդելը պետք է համապատասխանի մեր ազգային մտածելակերպին, սովորույթներին և մշակույթին։

«Նովոստի–Արմենիա»․ կարո՞ղ է դա դառնալ կրթության ամենահաջողված միջազգային ձևաչափերի խառնուրդ։

Ս.Ալոյան․ այո: Մենք արդեն ունենք նմանատիպ փորձ, որի դեպքում կրթական ծրագիրն ու համակարգը հարմարեցվում են երկրի կարիքներին։

«Նովոստի–Արմենիա»․ այսօր ժամանակակից աշխարհում ի՞նչ մարտահրավերներ կան, որոնց արձագանքելու համար անհրաժեշտ է Հայաստանում ներդնել կրթության միջազգային համակարգ։ Ձեր կրթահամալիրը ինչո՞վ կտարբերվի ազգային դպրոցից, ի՞նչ առավելություններ կունենա։

Ս.Ալոյան․ այսօր արդեն ապացուցված է, որ գիտելիքն ինքնին այդքան էլ մեծ նշանակություն չունի, շատ ավելի կարևոր է դրա կիրառումը։ Կարևոր է ոչ միայն տեղեկատվությունը «ներդնել» երեխաների ուղեղում, այլ նաև սովորեցնել, թե ինչպես օգտագործել ստացած գիտելիքներն իրական կյանքում: Կրթությունը պետք է հիմնվի հմտությունների, նախագծերի, պլանավորման վրա։ Աշակերտը պետք է ամեն օր գործնականում օգտագործի գիտելիքները, փոխկապակցի դրանք՝ շոշափելի արդյունք ստանալու համար։

«Նովոստի–Արմենիա»․ այսօր միջազգային բակալավրիատի (IB) համակարգը հնարավորություն է ընձեռում այն հաջողությամբ ավարտածներին առանց քննությունների ընդունվել աշխարհի ամենահեղինակավոր բուհերը։ Կաշխատե՞ք այս ուղղությամբ։

Ս.Ալոյան․ այո: Մեր պլանները ներառում են այնպիսի համակարգի ստեղծում, որը հետագայում թույլ կտա մեր ուսանողներին շարունակել իրենց կրթությունը տարբեր միջազգային կրթական կենտրոններում: Բայց քանի դեռ վերջնական որոշում չկա, թե կոնկրետ ում հետ ենք համագործակցելու, ավելի ստույգ չեմ կարող ասել.

«Նովոստի–Արմենիա»․ Ձեր կրթահամալիրը նախատեսված է Goght Urban Valley–ում ապրող երեխաների համա՞ր, թե՞ կընդունեք բոլոր ցանկացողներին։

Ս. Ալոյան․ առաջին հերթին, իհարկե, թաղամասի բնակիչների համար։ Բայց ցանկացած երեխա հնարավորություն կունենա ընդունվել մեզ մոտ սովորելու և ստանալ միջազգային մակարդակի կրթություն։ Համալիրի դռները բաց կլինեն նաև օտարերկրացի աշակերտների համար։

«Նովոստի–Արմենիա»․ ովքե՞ր են դասավանդելու՝ արտասահմանից հրավիրված մասնագետնե՞ր, թե՞ վերապատրաստում անցած տեղացի ուսուցիչներ։

Ս. Ալոյան․ ես խորին հարգանքով եմ վերաբերվում ուսուցիչների ինստիտուտին։ Միանգամայն համոզված եմ, որ դպրոցական տարիներին երեխան, առաջին հերթին, սովորում է ոչ տետրերից ու գրքերից։ Նրա համար հեղինակությունը ուսուցիչն է, այն մարդը, ում հարգում ու սիրում է, 12 տարի նա իր դիմաց տեսնում է Ուսուցչի, ով պետք է օրինակ լինի իր համար։ Մենք միանշանակ պատրաստվում ենք ուսուցիչներ հրավիրել արտասահմանից, բայց շատ ենք կարևորում նաև մեր ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի նրանք համապատասխանեն միջազգային չափանիշներին և կարողանան դասավանդել դպրոցում։

«Նովոստի–Արմենիա»․ միջազգային չափանիշներին համապատասխանող կրթությունը բավականին թանկ արժե։ Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի պայմաններում գնի և որակի ճիշտ հավասարակշռության պահպանումը։

Ս. Ալոյան․ Հայաստանի շուկայի վերաբերյալ ուսումնասիրություններ կան, որոնք վկայում են այն մասին, որ հանրապետությունում արդեն գործում են բազմաթիվ միջազգային դպրոցներ։ Այսինքն՝ կա պահանջարկ, այն նույնիսկ գերազանցում է առաջարկը։ Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի մեր առաջարկը լինի ոչ միայն մրցունակ, այլ նույնիսկ լավագույնը: